«Լուսանկարիչը ապագայից» ցուցահանդես 

Հունիսի 9-ին ժամը 16:00_ից մինչև 20:00  «Ստորակետ» Ճարտարապետական արվեստանոցը հանրությանը ներկայացրեց «Լուսանկարիչը ապագայից» խորագրով ցուցահանդեսը. Երևանի Աբովյան- Պուշկին փողոցների խաչմերուկին հարող (ԱՕՔՍ-ի շենքի հարևանությամբ) միջավայրի նախագծի եռաչափ լուսանկարներն ու շարժապատկերները: 

Իր տեսակի մեջ եզակի այս ցուցահանդեսը «ապագայից եկած լուսանկարչի» մտքերի պատկերավոր արտահայտությունն է, որը փորձում է համադրել հանրային և ներդրումային շահերի երկխոսությունը: Եռաչափ նկարները` իրենց շեշտված կարմիր և կապույտ գույներով ընդգծում են այդ երկխոսությունը:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Երևանի Ռուսական արվեստի թանգարանում:

Քաղաքը հարաբերությունների այն հարթակն է, ուր մարդիկ պարտավորված չեն տոհմացեղային, արյունակցական որևէ կապով, նրանց միակ շարժող ուժը գաղափարն է ու մտքերը, որոնք ստեղծում են քաղաքային միջավայր, ու որոնց կրողն ես դառնում դու կամ հակադրվում ես` դրանով իսկ հարաբերվելով քաղաքայինի հետ: Եթե որևէ միջավայրում կա մտքերի շրջանառություն և գաղափարական լարվածություն, այնտեղ կան քաղաքային մթնոլորտի ինչ-որ տարրեր: 

Այս նախագիծը իր կապույտ և կարմիր գույների օգնությամբ հանդիսատեսին փոխանցվում է մեկ  եռաչափ  պատկեր: Այստեղ կարմիր և կապույտ գույները  խորհրդանշում են  մեր քաղաքի վերաբերյալ տարբեր գաղափարներ, իսկ վերջնական պատկերը, որը մենք տեսնում ենք եռաչափ տեսքով, դա այն ապագա քաղաքի հայեցակարգն է, որը ստացվում է տարբեր գաղափարների, երկխոսության արդյունքում: